вторник, 5 июня 2012 г.

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունների պատմություն․ Եվրո 2000



Պատմությունը




Եվրո 2000-ը ուշագրավ դարձավ դեռևս իր մեկնարկից առաջ։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվեց 2 երկրներում՝ Հոլանդիայում և Բելգիայում։ Եվրո 2000-ը չափազանց հետաքրքիր և դիտարժան ստացվեց։ Այն, թերևս, մրցաշարի պատմության մեջ ամենադրամատիկներից մեկն է։ Իսկ հաղթող դարձավ Ֆրանսիայի հավաքականը, որը 2 տարի առաջ տիրացել էր նաև Աշխարհի առաջնության գավաթին։




Որակավորումը

Եվրո 2000-ի որակավորման խաղերի ժամանակ արձանագրվեցին բազմաթիվ հետաքրքիր և անսպասելի արդյունքներ։ Մեր ընտրանու հետ նույն D խմբում էին գտնվում Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Անդորայի և Ռուսաստանի հավաքականները։

Արտագնա խաղերում մեր ֆուտբոլիսնտերին հաջողվեց ընդամենը մեկ հաղթանակ տանել՝ 0։3 հաշվով ջախջախելով Անդորային։ Դրան հաջորդեց 4 անընդմեջ պարտություն։ Հայ ֆուտբոլիսները զիջեցին ուկրաինացինիներին, ֆրանսիացիներին, ռուսներին և իսլանդացիներին միևնույն 0։2 հաշվով։ Սեփական հարկի տակ մեր ընտրանին ավելի հաջող ելույթ ունեցավ։ 3։1 հաշվով առավելության հասավ Անդորայի նկատմամբ։ Մեկ ջախջախիչ պարտություն կրեց Ռուսաստանի ընտրանուց (0։3), որին հետևեցին ուկրաինացիների և իսլանդացիների հետ գոլազուրկ ոչ-ոքիները։ Համառ պայքարում ֆրանսիացիները վերջապես կարողացան կոտրել հայերի դիմադրությունը և 2։3 հաշվով հաղթանակ տանել։ Այսպիսով, Հայաստանի ընտրանին, հավաքելով 8 միավոր, հանգրվանեց նախավերջին հորիզոնականում։

Այս խմբից եզրափակիչ փուլ դուրս եկավ Ֆրանսիան, իսկ Ուկրաինան անցումային հանդիպումների ժամանակ պարտվեց Սլովենիային։




Եզրափակիչ փուլ

Մրցաշարի առաջին իսկ խաղում A խմբում անակնկալ հաշիվ գրանցվեց։ Անգլիացիները, որոնք խաղասկբում 2։0 հաշվով առջևում էին պորտուգալացիների հետ խաղում, ոչ միայն չկարողացան հաղթել, այլև ընդունելով 3 գնդակ սեփական դարպասը՝ անակնկալ պարտություն կրեցին։ Գերմանիան ռումինացիների հետ ոչ-ոքի խաղաց։ Պորտուգալացիները շարունակում էին իրենց հաղթարշավը. նրանք նախ հաղթեցին ռումինացիներին (1։0), իսկ ընտրական փուլի վերջին խաղում գրեթե 2-րդ կազմով ջախջախիչ հաղթանակ տարան գերմանացիների նկատմամբ (3։0)։ Վերջին տուրում Ռումինիա – Անգլիա խաղում Օուենի և Շիրերի խփած գնդակներին պատասխանեցին Կիվուն, Մունտյանուն և Մոլդովանը, և ռումինացիները հաջորդ փուլ դուրս եկան։

B խմբի ֆավորիտ համարվող իտալացիների հետ հանդես էին գալիս շվեդները, բելգիացիները և թուրքերը։ Ֆավորիտները 2։1 հաշվով պարտության մատնեցին թուրքերին և շվեդներին, իսկ բելգիացիների հետ խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին նրանց դարպասը՝ անառիկ պահելով սեփականը։ Թուրքերի «ոսկե սերունդը» ոչ-ոքի խաղաց շվեդների հետ (1։1), իսկ վերջին տուրում Հաքան Շուքյուրի խփած 2 գնդակի շնորհիվ, հաղթելով բելգիացիներին և B խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը, դուրս եկան քառորդ եզրափակիչ։

C խմբի առաջին տուրում իսպանացիներն անակնկալ կերպով պարտվեցին նորվեգացիներին (0։1)։ Զուգահեռ ընթացող խաղում Հարավսլավիան և Սլովենիան իսկական «բալկանյան կոտորած» բեմադրեցին։ Հարավսլավացիներն արդեն իսկ 57-րդ րոպեին հերիք չէ պարտվում էին 3-0 հաշվով, նաև խաղադաշտում 10 հոգով էին մնացել։ Սակայն 67-73-րդ րոպեների ընթացքում նրանք 3 անգամ գրավեցին սլովենացիների դարպասը և կարողացան փրկել հանդիպումը (3։3)։ Երկրորդ տուրում կարծես ամեն ինչ իր տեղն ընկավ. հարավսլավցիները հաղթեցին Նորվեգիային (1։0), իսկ Իսպանիան՝ Սլովենիային (2։1)։ Վերջին տուրում՝ խաղին ավելացրած 5-րդ րոպեին, իսպանացիները կարողացան կամային հաղթանակ տոնել հարավսլավցիների նկատմամբ (4-3)։ Այս խմբից դուրս եկան իսպանացիները և հարավսլավացիները։




D խումբը նույնպես բավականին ուժեղ էր. հոլանդացիները, չեխերը, ֆրանսիացիները և դանիացիները։ Դանիացիները 3 պարտություն կրեցին՝ 3։0 հաշվով ֆրանսիացիներից և հոլանդացիներից, իսկ վերջին տուրում չեխերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին նրանց դարպասը։ Չեխերը նույնպես մեկնարկային 2 խաղերում պարտվել էին։ Խմբի ֆավորիտների՝ Ֆրանսիայի և Հոլանդիայի դիմակայությունը բավականին դիտարժան ստացվեց, սակայն տանտերերը համառ պայքարում պարտություն կրեցին (2։3)։

Քառորդ եզրափակիչները բավականին կանխատեսելի ավարտ ունեցան։ Իտալիան 2։0 հաշվով հաղթեց ռումինացիներին, իսկ պորտուգալացիները նույն հաշվով՝ թուրքերին։ Հոլանդացիները հարավսլավների հետ խաղում քարը քարի վրա չթողեցին (6։1), բայց ամենադիտարժան հանդիպումը կայացավ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ Ֆրանսիացիները հաշվի մեջ առաջ էին, իսկ իսպանիան խաղի վերջին րոպեներին բաց թողեց փրկվելու հնարավորությունը․ Իսպանիայի ֆուտբոլի կենդանի լեգենդ Ռաուլը չիրացրեց 11 մետրանոցը։

Կիսաեզրափակիչները ֆանտաստիկ էին։ Կարելի է վստահորեն ասել, որ նրանք լավագույնն էին Եվրոների պատմության մեջ։ Առաջնության հայտնություն պորտուգալացիները ֆրանսիացիների հետ խաղում առաջինը հաջողության հասան։ Սակայն ֆրանսիացիները հավասարեցրեցին հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում՝ 117-րդ րոպեին Զիդանի իրացրած 11-մետրանոցը հաղթական դարձավ։ Մյուս կիսաեզրափակչում հանդիպեցին մրցաշարի բոլոր խաղերում հաղթանակ տարած 2 հավաքականները՝ Իտալիան և Հոլանդիան։ Հոլանդացիները փայլուն հնարավորություն ունեին հաղթելու այս խաղում։ Հանդիպման ընթացքում 11-մետրանոցներ չիրացրեցին Դե Բուրը և Կլյույվերտը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի դիպուկ էին իտալացիները։ Խաղի հերոս ճանաչվեց իտալացիների դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն, ով անհավանական կերպով հետ էր մղում հոլանդացիների կատարած 11-մետրանոց հարվածները։

Եզրափակչում ավելի լավ էին հանդես գալիս իտալացիները։ Մարկո Դելվեկիոյի խփած գնդակը տրամաբանական էր թվում, և խաղը մոտենում էր ավարտին։ Սակայն, կրկին անհավատալի զարգացում․ ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Վիլտորդը խաղը տեղափոխեց օվերթայմ, իսկ այստեղ Դավիդ Տրեզեգեի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթանակ պարգևեց ֆրանսիացիներին։ Այսպիսով Ֆրանսիան Աշխարհի առաջնության գավաթը նվաճելուց 2 տարի անց դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակիչն ավարտվեց «ոսկե գոլով», ինչպես և նախորդ առաջնությունում։




Ռմբարկուներ

5 գնդակ

Սավո Միլոշեվիչ (Հարավսլավիա)

Պատրիկ Կլյույվերտ (Հոլանդիա)

4 գնդակ

Նունու Գոմեշ (Պորտուգալիա)

3 գնդակ

Զլատկո Զախովիչ (Սլովենիա)

Սերժիու Կոնսեյսաու (Պորտուգալիա)

Տիերի Անրի (Ֆրանսիա)

2 գնդակ

Դավիդ Տրեզեգե (Ֆրանսիա)

Սիլվեն Վիլտոր (Ֆրանսիա)

Ֆիլիպո Ինձագի (Իտալիա)

Վլադիմիր Շմիցեր (Չեխիա)

Խորհրդանշական հավաքական

Ֆրանչեսկո Տոլդո (Իտալիա)

Լորան Բլան (Ֆրանսիա)

Ֆաբիո Կանավարո (Իտալիա)

Պաոլո Մալդինի (Իտալիա)

Լիլիան Թյուրամ (Ֆրանսիա)

Պատրիկ Վիեյրա (Ֆրանսիա)

Զինեդին Զիդան (Ֆրանսիա)

Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա)

Էդգար Դավիդս (Հոլանդիա)

Պատրիկ Կլյույվերտ (Հոլանդիա)

Ֆրանչեսկո Տոտի (Իտալիա)

0 коммент.:

Отправить комментарий